ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվ Իլհամ Ալիևը երազեց

Եվ Իլհամ Ալիևը երազեց
10.10.2017 | 12:40

Այս տարի հազարավոր ընտանիքներ կապահովվեն նոր տներով, բնակարաններով, և այդ գործընթացը կշարունակվի նաև հաջորդ տարի` հոկտեմբերի 9-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` կառավարության նիստն ամփոփելիս: Նիստը նվիրված էր 2017-ի 9 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու նոր խնդիրներին: Նրա ելույթը հրապարակել է Day.Az-ը: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ 9 ամիս Բաքվում ու շրջաններում հաջողությամբ շարունակվում էր նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը. «Այդ ընթացքում ստեղծվել է 226 000 նոր աշխատատեղ, 171000-ը` մշտական: Դա թույլ է տալիս գործազրկությունը ցածր մակարդակի վրա պահել: Այդ գործընթացը ևս մշտական պետք է լինի: Մեր բնակչությունն աճում է, և մենք անընդհատ պետք է մտածենք նոր աշխատատեղերի ստեղծման մասին: 9 ամսում հաջողությամբ իրականացվել են հիմնական ինֆրակառույցների նախագծերը: 700 կիլոմետր խմելու ջրի ջրագիծ է կառուցվել, գազիֆիկացումը մեր երկրում 93 տոկոսի մակարդակում է, այս գործընթացն էլ է շարունակվելու: Դա ինքնին հրաշալի ցուցանիշ է: Բարելավվում է էլեկտրաէներգիայով ապահովումը, նոր ենթակայաններ են կառուցվում, էլեկտրագծեր են անցկացվում: Լուծվում են մելիորատիվ հարցերը: Տարեսկզբին խնդիր դրվեց 150000 հեկտար հողի վրա տեղակայել ժամանակակից ոռոգման համակարգեր, որ մինչև այսօր չէին ոռոգվում, կամ վատ էին ոռոգվում: Վստահ եմ` մինչև տարեվերջ մենք կհասնենք այդ թվին: Ինձ ներկայացված տեղեկատվությամբ` տարեսկզբից 50 000 հեկտար հողերի վրա մելիորատիվ միջոցառումներ են եղել, ապահովվել է ոռոգման ջուրը: Մնացած 2,5 ամսում բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն: Մեր ինֆրակառուցվածքային նախագծերի հաջող իրականացումը խթան է հաղորդում ընդհանուր տնտեսական զարգացմանը, շրջանների զարգացմանը: Իհարկե, առաջիկա տարիներին մենք պետք է ամբողջությամբ իրականացնենք ենթակառուցվածքային նախագծերը, որ մինչև այսօր չենք կարողացել անել»` ասել է Ադրբեջանի նախագահը:


Նա ընդգծել է, որ հաջողությամբ է իրականացվում սոցիալական ենթակառուցվածքների քաղաքականությունը։ «Տարեսկզբից կառուցվել ու նորոգվել է 100 դպրոց: Այս գործընթացը շարունակվում է: Կառուցվել ու նորոգվել են 27 բուժհաստատություններ: Հաջողությամբ են իրականացվում այլ սոցիալական ենթակառուցվածքային նախագծեր: Հարկադիր վերաբնակեցվածների խնդիրները միշտ ուշադրության կենտրոնում են: Այս տարի պատմական իրադարձություն է եղել` վերականգնվել է Ջոջուղ Մերջանլի գյուղը, հիմա մենք նոր բնակավայր ենք կառուցում, 50 տներ արդեն պատրաստ են, ևս 100-ը կառուցվում են: Դպրոց ու մզկիթ են կառուցվել, բուժկենտրոնը կառուցվում է: Այնտեղ լուծվում են աշխատատեղերի հետ կապված շատ հարցեր: Ջոջուղ Մերջանլի գյուղի վերականգնումը պատմական իրադարձություն է»` ասել է Իլհամ Ալիևը: Նա նշել է, որ միաժամանակ լուծվում են և վերաբնակեցվածներին առնչվող այլ հարցեր: «Լայն թափ են ստացել շինարարական աշխատանքները Բաքվում, Սումգայիթում ու այլ շրջաններում: Այս տարի հազարավոր ընտանիքներ կապահովվեն նոր տներով, բնակարաններով և այդ գործընթացը կշարունակվի հաջորդ տարի: Առայժմ մենք ծանր պայմաններում ապրող շատ վերաբնակեցվածներ ունենք: Պետությունն անում է հնարավորը, որ այդ հարցը արագ լուծվի: Դուք գիտեք, որ 250 000 հարկադիր վերաբնակեցվածների պետությունն ապահովվել է տներով ու բնակարաններով»` ասել է նախագահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանշանակ սկսել է 2018-ի ընտրարշավը: ՙԵս լավն եմ, ես ամենալավն եմ` ձեզ տուն եմ տալիս, աշխատանք եմ տալիս, ջուր ու լույս, դպրոց ու մզկիթ եմ կառուցում, անգամ բուժհաստատություն: Պատմական գյուղեր եմ վերականգնում: Ո՞վ, եթե ոչ ես, պիտի լինեմ ձեր հավերժ նախագահը՚` սպրդում է տողատակերում: Եվ, այնուամենայնիվ, ցնցող է, որ Ադրբեջանում դեռ նոր են էլեկտրագծեր կառուցվում, փաստացի` կան շրջաններ, որտեղ լույս չկա: Խմելու ջուրն էլ հետը, գազի հետ միասին: Եվ դա մի երկրում, որ ցանկանում է գազով ու նավթով Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովել: Տպավորիչ է հատկապես խոստումը, որ ինչ չի արվել 9 ամսում` 150000 հեկտար հողի վրա, արվելու է 2,5 ամսում 100000 հեկտարի վրա: Դե իսկ հարկադիր վերաբնակեցվածներին բնակարանով ապահովելու փաստը իսկապես ցնցող է, այսինքն` մեկ միլիոն փախստականների խնդիրը դու՞րս է գալիս օրակարգից, նրանք այլևս չե՞ն վերադառնալու «հայրենիք»: Մի շտապեք: Նույն ելույթում Իլհամ Ալիևը, ինչպես բոլոր ելույթներում պարտադիր, խոսել է կոնֆլիկտի մասին և խոսել է ելույթի սկզբում. «Լեռնային Ղարաբաղը մեր պատմական, բնիկ հողն է, մենք պետք է վերադառնանք ու կվերադառնանք այդ հողեր: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի եղել ու երբեք չի լինի բանակցության առարկա: Մենք երբեք թույլ չենք տա հայկական երկրորդ պետության ստեղծումը մեր հողերի վրա և մեր հիմնական խնդիրը մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է»` ասել է Ադրբեջանի նախագահը ու նորից տրտնջացել, որ վերջին ժամանակներս բանակցություններում առաջընթաց չկա: «Հայաստանը փորձում էր ձախողել բանակցությունները և համարում էր, որ դա իրեն հաջողվում է: Այսինքն` տարբեր պատրվակներով մեզ մեղադրելով` փորձում էր թույլ չտալ բանակցությունների վերականգնումը ու մի քանի պայմաններ էր դրել` դրան հասնելու համար: Իհարկե, ես անմիջապես հայտարարեցի, որ ոչ մի պայման չի ընդունվի: Առաջադրելով այդ պայմանները` նրանք իրենց դնում են շատ հիմար վիճակում և ստիպված են լինելու հրաժարվել այդ քաղաքականությունից: Կյանքը և իրականությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մեր վերլուծությունն ու քաղաքականությունն ամբողջությամբ արտացոլում են իրականությունը»` ասել է Իլհամ Ալիևը և հավելել, որ բանակցային գործընթացը վերսկսվում է առանց որևէ պայմանի: «Հայաստանը հերթական անգամ խայտառակեց իրեն միջազգային հանրության առաջ և բանակցությունների վերսկսումը մեզ ինչ-որ զիջում չէ: Նրանց հիստերիկ հայտարարությունները, սարսափով լի կոչերը ուրիշ երկրների` իրականում բացահայտ խոստովանություն են, որ կռվի մեջ նրանք չեն կարող մեզ դիմակայել: Դա ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները: Իրավիճակը շփման գծում ցույց է տալիս, որ այսօր մենք լիակատար գերիշխող դիրքում ենք շփման գծում: Իհարկե, Հայաստանն ավելի շատ պիտի շահագրգռված լինի բանակցությունները վերսկսել, որովհետև հակառակ դեպքում նրանց շատ դառը հետևանքներ են սպասում: Հարցով զբաղվող միջնորդները աշխատում են բանակցային գործընթացը վերսկսելու վրա: Եվ մենք, իհարկե, աջակցում ենք: Այդ պատճառով ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ թեպետ այս տարում ռեալ արդյունք չի լինի այդ ուղղությամբ, Հայաստանը հերթական անգամ միջազգային հանրության աչքում ներկայացավ անօգնական, անուժ ու կախյալ երկիր»` ասել է Ադրբեջանի նախագահը:


Եթե նկատեցիք` Իլհամ Հեյդարովիչի ռազմական հռետորաբանությունը զգալի նվազել է` նա այլևս չի խոսում Էրիվանի ու ամբողջ Հայաստանի ադրբեջանական տարածք լինելու մասին, հավակնում է ընդամենը վերադառնալ Լեռնային Ղարաբաղ` «մեր պատմական, բնիկ հողեր»։ Բայց և շարունակում է պնդել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել ու երբեք չի լինի բանակցության առարկա, իսկ դա արդեն նախապայման է ու ավարտում է բանակցությունները` չսկսած: Ի՞նչ են բանակցելու, եթե նա հայտարարում է, որ երբեք թույլ չեն տա հայկական երկրորդ պետության ստեղծումը «իրենց» հողերի վրա և իրենց հիմնական խնդիրը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն է: Դա նվազագույնը նշանակում է, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը ու պատրաստ չէ կարգավիճակի հարց քննարկել` դա էլ երկրորդ նախապայմանն է, որ նորից փակուղի է տանում բանակցությունները, որքան էլ վերականգնվեն: Գործնականում Իլհամ Ալիևը դրել է և երրորդ նախապայմանը` հայտարարելով, որ Հայաստանը «տարբեր պատրվակներով մեզ մեղադրելով` փորձում էր թույլ չտալ բանակցությունների վերականգնումը ու մի քանի պայմաններ էր դրել` դրան հասնելու համար», այսինքն` Բաքուն չի ընդունում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները շփման գծում վերահսկողության միջոցների տեղակայման և դիտորդների թվի ավելացման մասին: ՈՒ սա բանակցությունները ձախողելու երրորդ պատճառն է: Բայց շատ զարմանալի է նրա հայտարարությունը` «Կյանքը և իրականությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ մեր վերլուծությունն ու քաղաքականությունն ամբողջությամբ արտացոլում են իրականությունը»: Այսինքն` բանակցությունների վերսկսումը Իլհամ Ալիևը առանց ավելորդ համեստության համարում է Ադրբեջանի ձեռքբերո՞ւմը: Դե իսկ ՙհիստերիկ հայտարարությունների, սարսափով լի կոչերի՚ մասին Ադրբեջանի նախագահը ասում է ճշմարտությունը, ճիշտ է` հետո տեղնուտեղը նույն ճշմարտությունն աղավաղում է` հայտարարելով, որ «կռվի մեջ նրանք չեն կարող մեզ դիմակայել: Դա ցույց տվեցին ապրիլյան իրադարձությունները»: Ապրիլյան իրադարձությունները հակառակը ցույց տվեցին, բայց իրավիճակի «թեթևակի» փոփոխությունը բնորոշ է քաղաքակամ գործիչներին ընդհանրապես ու Իլհամ Ալիևին հատկապես: Որ նա սկսել է իրավիճակը ռեալ գնահատել, վկայում է նաև հայտարարությունը, որ այս տարում ռեալ արդյունք չի լինի: ՈՒ սա արդեն բանակցությունների ձախողման չորրորդ վկայությունն է: Չհիշեցնեմ, թե միջազգային հանրության աչքում ինչ երկիր է ներկայանում Ադրբեջանն իր «լվացքատներով» ու ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկությանը հանգեցրած սկանդալներով, ինչու՞ են Ադրբեջանին արևմտյան պատժամիջոցներով սպառնում ու ի՞նչ է կատարվում երկրում իրականում, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Իսրայելից շատ դիպուկ նկարագրում է Ադրբեջանը ներսից, բայց ընդունեք, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի քննարկումների ժամանակ ԱԺ-ում հնչեցին ելույթներ ու եղան մեկնաբանություններ, որ հիմք են տալիս Ադրբեջանի նախագահին պնդելու` «Հայաստանը հերթական անգամ միջազգային հանրության աչքում ներկայացավ անօգնական, անուժ ու կախյալ երկիր»: Անօգնականն ու անուժը, իհարկե, անհեթեթություն է։ Բայց կախյալի դեմ չես առարկի: ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները հնարավորն արեցին` համոզելու, որ Հայաստանը միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Փաստորեն` նրանք ևս հերքում են ապրիլյան պատերազմի արդյունքները, ինչու՞, ուրեմն, Իլհամ Ալիևը նույնը չպիտի անի:

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ